Հասցե՝ Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, 6-րդ թաղամաս, 19 շենք
Հիմնվել է 1950 թվականին
Տնօրեն՝ Գոհար Մանասյան
Չարենցավանի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1950-ական թվականներին։ Սկզբնական շրջանում այն գործել է որպես խրճիթ-ընթերցարան` 50 միավոր գրականությամբ։ Հետագայում, պայմանավորված քաղաքի բնակչության թվի աճով և կրթական մակարդակի բարձրացմամբ, ավելի մեծ գրադարաններ ունենալու անհրաժեշտություն է առաջացել։ Քաղաքում հիմնվել են մի քանի գրադարաններ, որտեղ բնակչությունը հնարավորություն է ունեցել բարձրացնելու իր մասնագիտական գիտելիքները և զբաղվել ինքնակրթությամբ։
1997 թվականին Չարեցավանի քաղաքային գրադարանը միավորվել է՝ իր մեջ ընդգրկելով նախկին թիվ 11 մանկական, թիվ 7 և թիվ 12 քաղաքային գրադարանների գրքային ֆոնդերը։ 2008 թվականին Չարեցավանի քաղաքային գրադարանը վերանվանվել է Չարեցավանի քաղաքային գրադարան ՀՈԱԿ-ի։
2010 թվականի սեպտեմբերի 8-ին վերաբացվել է Չարենցավանի քաղաքային գրադարանը։ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգման էր ենթարկվել գրադարանի ցուցասրահը, ձեռք էր բերվել գույք և համակարգիչներ։
Չարենցավանի քաղաքային գրադարանը քաղաքի և շրջակա գյուղերի ազգաբնակչության բոլոր շերտերի համար ապահովում է կրթության, ինքնազարգացման, բովանդակալից ժամանցի պայմաններ՝ ապահովելով քաղաքում մշակութային ակտիվություն։ Գրադարանն աշխատում է բացդարակային համակարգով և հագեցած է նորագույն տեխնիկայով՝ համակարգիչներով, հեռուստացույցով, DVD-ով, պատճենահանման սարքով և նոր գրականությամբ, ունի լուսավոր և ընդարձակ ընթերցասրահ, որտեղ պարբերաբար անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ, սեմինարներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ։
Գրադարանն ակտիվ կերպով համագործակցում է քաղաքի նախակրթարանների, հանրակրթական դպրոցների, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների հետ։ 2013 թվականից գրադարանում գործում է նաև Ամերիկյան անկյուն։ Գրադարանում անցկացվում է անգլերենի, մաթեմատիկայի, հայոց լեզվի, նկարչության և ձևավորման անվճար դասընթացներ, որտեղ ընդգրկված են շուրջ 200 երեխա։ 2018 թվականի տվյալներով, գրքային ֆոնդը կազմում է շուրջ 43000, իսկ ընթերցողների թիվը մոտ 1300։