Երբ ասում ենք պատմություն, առաջին հերթին ի նկատի ունենք բավականին մեծ ժամանակահատված, ժամանակագրություն՝ իր ուղենիշներով։ Բայց լինում է և այնպես, որ այդ պատմությունն ընդգրկում է կարճ ժամանակամիջոց, որը, սակայն, շատ կարևոր է իր խաղացած դերով։
Այդպես է նաև մեր պատմության դեպքում. ընդամենը կես դար, որը, սակայն, արտացոլում է բազմաթիվ սերունդների կյանքում ունեցած դերը։
1966 թվականն էր…Երբեմնի միութենական նշանակություն ունեցող Չարենցավանը ապրում էր իր վերելքի տարիները։ Երիտասարդ քաղաքը շենանում էր, կառուցվում էին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրվում ու գործարկվում էին նոր հաստոցներ…Արդյունաբերական Չարենցավանին բարեկամության օրենքներով օգնության եկան Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ բարեկամ ու միութենական երկրներից։ Զարգանում էր արարող չարենցավանցու մտավոր ներուժը, փոխվում էր նրա ստեղծագործ նկարագիրը։ Դա կարևոր նախապայման եղավ քաղաքում այլախոս՝ ռուսական, դպրոց ունենալու համար։
1966 թվականն էր, երբ այն ժամանակ դեռ Լուսավանում բացվեց թվով երրորդ՝ ռուսական դպրոցը, որը հետագայում պետք է վերանվանվեր և դառնար Չարենցավանի Ամենայ Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան № 3 հիմնական դպրոց…
1966 թվականն էր, դպրոցն ուներ ընդամենը մեկ դասարան` 8 աշակերտներով և ծվարել էր Լուսավանի № 2 դպրոցի մասնաշենքերից մեկում։ Հետագայում ձևավորվեցին յուրաքանչյուր զուգահեռ դասարաններից մեկական դասարան։ Չնայած այս ամենին՝ դեռևս այն ժամանակ արդեն դրվում էին այն ռուսական դպրոցի հիմքերը, որի համբավն ու հեղինակությունը ճանաչում և հիշում են ոչ միայն Չարենցավանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։
Դպրոցի առաջին տնօրենն է եղել Վ. Մարությանը։ Տարիների ընթացքում դպրոցի ղեկավարումը ստանձնել են տարբեր տնօրեններ, որոնցից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ իր դերակատարումն է ունեցել դպրոցի կայացման բարդ ու կարևոր գործընթացում՝ թողնելով իր ձեռագիրն ու ավանդը դպրոցի պատմության էջերին։ Այսպիսով, տարբեր տարիների դպրոցի տնօրեն են նշանակվել.
- Վ. Մարությանը՝ 1966-1968 թթ.
- Ֆերդինանդ Սերգեյի Կուչկուլյանը՝ 1968-1970 թթ
- Նիկոլայ Եվստաֆիևիչ Եֆրեմովը՝ 1970-1986 թթ
- Հարությունյան Ամալյա Հովհաննեսովնա՝ 1986-1991 թթ.
- Կարապետյան Էլեոնորա Ասքանազովնա ՝1991-2005 թթ.
- Կարապետյան Լուսինե Ժիրիկովնան՝ 2005 թվ. -2018թ․
- Բալյան Աննա Լևոնի՝ 2018թ․-ից
Դպրոցի առաջին տնօրենները, լիարժեք կառավարելով և ղեկավարելով դպրոցը վարել են ճիշտ կադրային քաղաքականություն՝ մանրակրկիտ և բծախնդրորեն ընտրելով մանկավարժական կադրեր։
…Տարեց տարի դպրոցն աճում էր, համալրվում բարձր որակավորում ունեցող մասնագետներով, մանկավարժական կադրերով՝ իր ուրույն տեղն զբաղեցներով այդ ժամանակվա ուսումնական հաստատությունների շարքում։ Կրթության, դաստիարակության, ինտելեկտուալ զարգացման ոլորտում դպրոցը կարճ ժամանակում հասավ այնպիսի բարձունքների, որ հայտնվեց Հրազդանի ժողկրթբաժնի ուշադրության կենտրոնում։
Հատկապես մեծ նվաճումներ է ունեցել դպրոցը Ն.Ա. Եֆրեմովի ղեկավաությամբ աշխատած տարիների ընթացքում։Կառավարելու իր արտասովոր ունակությամբ նա ավելի է համախմբել դպրոցի կոլեկտիվը։ Ուսուցիչների շարքում շատ էին վառ, հետաքրքիր անհատականությունները, ովքեր խթանում էին մյուսներին իրենց լավատեսությամբ, իրենց անձնական ներդրմամբ դպրոցը դարձնում օրինակելի և անկրկնելի՝ ընդմիշտ մնալով իրենց շրջանավարտների հիշողության մեջ։ Դպրոցում տիրող մթնոլորտը ամեն ինչով նպաստում էր սովորողների բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը։ Դպրոցի աշակերտներն ու շրջանավարտները աչքի էին ընկնում իրենց կրթվածությամբ, դաստիարակվածությամբ, հետաքրքրությունների լայն շրջանակով, վառ աշխարհայացքով և ընդհանուր ինտելեկտուալ զարգացվածությամբ։ Ստացած գիտելիքների շնորհիվ դպրոցի շրջանավարտները ընդունվում էին ոչ միայն մեր հանրապետության բուհերը, այլ նաև նախկին ԽՍՀՄ-ի առաջատար բուհերը։
Այդ տարիներին դպրոցում աշխատած ուսուցիչները ընդօրինակման օբյեկտ էին թե՛ իրենց արտաքին տեսքով, թե՛ բարձր որակավորմամբ։ Նրանց համար մանկավարժությունը ոչ թե մասնագիտություն էր, աշխատանք, այլ՝ կոչում։ Գուցե չկարողանանք բոլորիդ հիշել անուն առ անուն, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը․
Աղաջանյան Ռենա Արշակովնա, Արզումանյան Զոհրաբ Մելիքովիչ, Վարդանյան Վերա Խաչիկովնա,Վասյուտկինա Վալենտինա Նիկոլայևնա, Ոսկանյան Տատյանա Ալեքսանդրովնա, Ղավալյան Սվետլանա Բագրատովնա, Դեմիրչյան Օլգա Հակոբովնա, Մարտիրոսյան Վազգեն, Մելքոնյան Հրանուշ Ռուբենովնա, Օլգա Իվանովնա, Օմփոսյան Հռիփսիմե Գրիգորևնա, Պողոսյան Անուշ Դերենիկովնա, Ագաֆոնովա Լիդիա Ֆեոդորովնա, Անտիպկինա Նինա Իլյինիչնա, Բերբերյան Անիցա Հարությունովնա, Գզողյան Սուրեն Նիկոլայևիչ, Դրաչուկ Տատյանա Վասիլևնա, Կասպարով Վլադիմիր Մկրտիչևիչ, Օստրովսկայա Լյուդմիլա Վասիլևնա, Ստրիգինա Գալինա Գրիգորևնա և ուրիշներ։
Հետագայում դպրոց վերադարձան նաև նախկին շրջանավարտներից.
Ալևտինա Հրանտիկովնան, Աթոյան Սվետլանա Ստեփանովնան, Գալստյան Համեստ Գորիկովնան, Գասպարյան Թամարա Ալեքսեևնան, Գզողյան Սևիլյա Նիկոլայևնան, Ղազարյան Վլադիմիր Լիպարիտովիչը, Նոննա Սերգեյևնան, Փիլոսյան Սերգեյ Սմվելովիչը, Սարգսյան Սուսաննա Հմայակովնան, Ստրիգինա Էմմա Հայրապետովնան, Խոսրովյան Լիաննա Ալեքսանդրովնան, Բարսամյան Մարգարիտա Վասիլևնան։
80-ականների վերջին 90-ականների սկզբին դպրոցն այնքան գրավիչ ու հեռանկարային էր, որայստեղ աշխատելու էին գալիս ոչ պակաս վառ և արտասովոր ունակություններով մասնագետներ.
Վիրաբյան Ալլա Շահենովնան, Վիրաբյան Հրաչյա Արամայիսովիչը, Գյուլումյան Միքայել Համլետովիչը, Սիմոնյան Էստա Շամխալովնան,Անուշ Հրաչիկովնան։
Դպրոցին հատուկ վառ կոլորիտ էին հաղորդում ինտերնացիոնալ դասարանները։ Գրեթե բոլոր դասարաններում կային տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հրեաներ, ռուսներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ, ադրբեջանցիներ, ասորիներ, քրդեր, եզդիներ, ուզբեկներ, որոնցից յուրաքանչյուրը դպրոց ու դասարան էին ներմուծում իրենց ազգին բնորշ մշակութային ժառանգության մասնիկները։
Դպրոցի պատմության այդ տարիները հիշարժան էին նրանով, որ անցկացվում էին արդեն լավագույն ավանդույթ դարձած մի շարք միջոցառումներ՝ «Առաջին զանգ», «Վերջին զանգ», «Այբուբենի տոն», «Ուսուցչի օր», «Ամանորյա դիմակահանդես», «Շրջանավարտների հանդիպման օր» և այլն: Անցկացվում էին նաև ամենամյա «Ժողովուրդների բարեկամության փառատոն», տարբեր իրադարձությունների նվիրված երեկոներ՝ Հաղթանակի օր, Տիեզերագնացի օր, Ռադիոյի օր, Տպագրության օր և այլն:
Թվում էր՝ ոչինչ չի կարող խաթարել այդ բնականոն աշխատանքային ռիթմը, սակայն…Մեր երկիրն անցավ բազում փորձությունների միջով 80-ականների վերջում, 90-ականների սկզբում, ինչն իր անդրադարձն ունեցավ նաև դպրոցի կյանքի ու առօրյայի վրա: Դպրոցի աշակերտների շարքերում ավելացան փախստականնեի երեխաներ, ուսուցչական կազմն էլ համալրվեց փախստական ուսուցիչներով՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ովքեր անմնացորդ նվիրյալն էին իրենց գործի։ Նրանք իրենց գիտելիքները անձնվիրաբար փոխանցում էին աշակերտներին, իսկ փորձը՝ գործընկերներին։ Այդ ուսուցիչներից էին.
Ամալյա Մելիքովնան,Աթաևա Ամալյա Աշոտովնան, Բալայան Էդուարդ Նիկոլաևիչը, Մագալտաձե Թամարա Նիկոլաևնան, Մարտիրոսյան Սերգեյ Մարտիրոսովիչը, Պետրասյան Լիդիա Պավլովնան, Մանուկյան Լյուդմիլա Վլադիմիրովնան, Էլվիրա Վլադիմիրովնան…
Այդ տարիներին դպրոցի սովորողների թիվը հասնում էր 1200-ի։
Անհանգիստ էին նաև հետագա տարիները։ Խարխլվում էին խորհրդային հասարակարգի հիմքերը, երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակում էր,գերիշխում էր գործազրկությունը։ Դպրոցը լքել էին երբեմնի նրա դեմքը համարվող ուսուցիչները, ովքեր հիմնականում հեռացել էին հանրապետությունից։ 1993 թվականից ռուսական դպրոցները սկսեցին կտրուկ կրճատվել. մեր դպրոցը նույնպես զրկվեց ռուսական դպրոցի իր կարգավիճակից, սակայն հայախոս դասարաններին զուգահեռ պահպանվեցին ռուսերեն լեզվով դասավանդվող դասարաններ։ 2009 թվականի դեկտեմբերից փակվեցին նաև ռուսական հոսքի այն հատուկենտ դասարանները, որոնք սակավաթիվ աշակերտներով շարունակում էին պահպանվել։
Այդ տարիներին դպրոցը համալրվեց երիտասարդ կադրերով, որոնց մեջ կային նաև նախկին շրջանավարտներ.
Մուրադյան Թովմասը, Հարությունյան Լալան, Լազյան Ռուզաննան, Գուլոյան Զեմֆիրան, Մարության Անահիտ Ռազմիկովնան, Աղասաֆյանց Զառա Արթուրովնան, Կարապետյան Լուսինե Ժիրիկովնան, Մելքոնյան Նաիրա Գուրգենովնան, Աֆյան Վարդուհին, Միքայելյան Աննժիկը, Ազարյան Գայանեն, Երիցյան Ասյան…
Այդ ժամանակաշրջանում ևս դպրոցի երբեմնի ավանդույթները, արտադասարանական ակտիվ կյանքը վերականգնվեցին։ Դպրոցը վերագտավ իրեն բնորոշ նախկին եռուզեռը, սակայն…հանրապետության օրեցօր վատացող վիճակը իր արձագանքն էր ունենում նաև դպրոցի գործունեության վրա։ Դպրոցում դարձյալ տեղի էին ունենում կադրային փոփոխություններ, ուսուցիչներից ոմանք դարձյալ հեռանում էին հանրապետությունից նախկին ԽՍՀՄի հանրապետություններ, արտասահման։ Դպրոցի երբեմնի հեղինակությունը խամրում էր,դպրոցում ցուրտ էր, չկար էլեկտրականություն, չէր բավականացնում վառելիքը, աշակերտները դպրոց էին գալիս կիսաքաղց, ցուրտ բնակարաններից։Անցկացվում էին 10 րոպե տևողությամբ դասեր։ Դպրոցն աղքատացել էր, խարխլվել, կարելի է ասել, քանդվում էր բոլորի աչքի առաջ։
…Չի մոռացվի ութերորդ դասարաների քննության անցկացումը սպորտդահլիճում։ Դրսում անձրև էր,իսկ դպրոցի տանիքը այն աստիճան անմխիթար վիճակում էր,որ ուսուցիչները և աշակերտները, որպեսզի չթրջվեն, նստել էին անձրևանոցների տակ և քննություն էին անցկացնում։ Դպրոցի աշակերտների թիվը, որը նախկինում աճում էր անընդհատ, 2005 թվականին նվազել էր՝ դառնալով 280 աշակերտ։ Դպրոցը ծանր, օրհասական վիճակում էր, առկա էր փակվելու իրական վտանգը,դպրոցի առջև ծառացել էր ճակատագրական «լինել, թե չլինել» հարցը։ Տասնամյակների ընթացքում ստեղծված ավանդույթները փաստացի ոչնչացված էին, հոգեվարքի մեջ էր դպրոցը, դարձել էր քաղաքի մյուս դպրոցների անպետք հավելուկը, կցորդը։Դ պրոցը կարծես ոչնչանում էր. ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես։ Նախկին աշակերտների կենսագրությունից և հիշողությունից անհետանում էր իրենց մանկության և պատանեկության մի պատառիկը…
…Սակայն, աստվածային նախախնամությամբ և ողորմածությամբ գտնվեց ելքը այդ օրհասական իրավիճակից։Կոտայքի նախկին մարզպետ Կ. Շահգալդյանի կամային և հեռատես որոշման շնորհիվ իրականացվեցին արմատական կադրային փոփոխություններ, ինչն էլ նպաստեց դպրոցի վերածննդին ու հետագա զարգացմանը։
Դպրոցի տնօրեն Է. Ա. Կարապետյանը ազատվեց տնօրենի պաշտոնից, և 2005 թվականի ապրիլի վերջին տնօրենի պաշտոնում նշանակվեց դպրոցի նախկին շրջանավարտ Լուսինե Ժիրիկի Կարապետյանը՝ նպատակասլաց, հաստատակամ և հաստատամիտ անձնավորություն։ Շատ ծանր ժառանգություն էր բաժին հասել երիտասարդ տնօրենին։ Դպրոցն անհրաժեշտ էր վեր հանել խոր փլատակներից և վերադարձնել դպրոցին նախկին հեղինակությունը։ Ոսումնական գծով տնօրենի տեղակալ նշանակվեց դպրոցի նախկին ուսուցիչներից Գասպարյան (Գաբրիելյան) Էլմիրա Հարությունովնան, իսկ արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ նշանակվեց Ազարյան Ալվարդ Նիկոլայևնան։
Անհավանական դժվար էր աշխատելը, հարկավոր էր փոփոխել վերջին տարիներին դպրոցում ստեղծված կարծրացած իրավիճակը։ Զինվելով համբերությամբ, կամային որակներով և հավատով լավ փոփոխությունների անխուսափելիության հանդեպ, սկսվեցին քրտնատանջ աշխատանքները նախանշված ռեֆորմները կյանքի կոչելու համար։
Առաջին հերթին արմատախիլ արվեց կոռուպցիան դպրոցից, դրամահավաքը ծնողներից, ովքեր առանց այն էլ բարդ սոցիալական պայմաններ ունեին, կարգավորվեցին միջանձային հարաբերությունները։
Յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը անցկացվում էին խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում էին այդ ժամանակահատվածի կատարված աշխատանքները, պլանավորվում էին նորերը։
Մինչև ուստարվա ավարտը հսկայական աշխատանքներ արվեցին, որոնց առաջին արդյունքներն ի հայտ եկան մեկ տարի անց։ Նոր 2005-2006 ուստարում դպրոցն ուներ 350 աշակերտ։
Դպրոցի ծայրահեղ ծանր վիճակի մասին տեղյակ էին նաև նախկին շրջանավարտները, ովքեր պարբերաբար հաճախում էին դպրոց։ Ուսուցիչների հետ միասին նրանք էլ էին ցավով ականատեսը լինում դպրոցի սարսափելի վիճակի։ Անհրաժեշտ աշխատանքների ծավալը և աներևակայելի ֆինանսական միջոցների ծավալը գնահատելիս թվում էր, որ այս հիմնախնդրի լուծումը անիրատեսական է։
Ստեղծված իրավիճակից միակ ելքը եղավ դպրոցի նախկին շրջանավարտների ֆինանսական օժանդակությունը փոխտնօրեն Է. Գասպարյանի էլեկտրոնային նամակին արձագանքելուց հետո։ Իսկ արձագանքն իրեն երկար սպասեցնել չտվեց…Դպոցի նախկին շրջանավարտ Արսեն Հայկի Աղաջանյանը եկավ Հայաստան։
Դպրոցում շրջելուց և աշխատանքի ծավալները գնահատելուց հետո նա անհապաղ անցավ դրանց իրականացմանը։ Աղաջանյան եղբայրները ստեղծեցին աշխատանքային խումբ «Դար» ֆոնդին կից, որը կոորդինացնում և վերահսկում էր վերանորոգման աշխատանքները։
Առաջին հերթին կարճ ժամանակահատվածում հիմնանորոգվեց տանիքը։ Մնացած աշխատանքները սկսվեցին 2006 թվականի ապրիլին։ Այդ աշխատանքներում ներդրվեցին հսկայական ֆինանսական միջոցներ, իսկ դպրոցն իր աշխատանքները շարունակեց՝ ինչպես 40 տարի առաջ՝ տեղափոխվելով նույն № 2 դպրոցի միևնույն փոքրիկ մասնաշենքը, որտեղից ինչ-որ ժամանակ ամեն ինչը սկսվեց։
Շինարարները վկայում էին, որ ավելի հեշտ էր ամեն ինչ քնդել և նորը կառուցել, քան վերանորոգել։
Նույն տարվա հոկտեմբերին աներևակայելի կարճ ժամանակահատվածում, հիմնական աշխատանքները ավարտված էին. բարձրացվել էր շեքնի սեյսմակայունությունը, ամբողջովին հիմնանորոգվել էին շենքի բոլոր մասնաշենքերը։
Դպրոցը համալրվեց նոր կահույքով, սակայն, ցավոք սրտի, անավարտ մնացին լաբորատորիաների և կաբինետների հարստացման աշխատանքները, ինչպես նաև կիսատ մնացին դպրոցի դիմաց կառուցվող սպորտհրապարակի կառուցման աշխատանքները ։
Նոր դպրոցի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2006 թվականի հոկտեմբերի 5-ին։
2008 թվականին Հայաստանում հանդիսավոր տոնվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան 100-ամյակը։ Աստվածային նախախնամությամբ այդ առթիվ դպրոցն անվանակոչվեց և արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի բարձր անունը կրելու մեծ պատվին։
Սկսվեց վերածնված դպրոցի պատմության նոր փուլանիշը՝ մասամբ փոփոխված նոր ուսուցչական կազմով և անդադար ավելացող աշակերտական հոսքով։
Համաձայն 2014 թ.-ի վարկանիշավորման սանդղակի՝ ընդհանուր վարկանիշ բաժնում մեր դպրոցը զբաղեցրել է 41-րդ տեղը՝ թե՛ Կոտայքի մարզի, թե՛ Չարենցավան քաղաքի դպրոցների շարքում լինելով առաջինը։ Վարկանիշավորման սանդղակի կառավարման արդյունավետություն բաժնում դպրոցը զբաղեցրել է 28-րդ տեղը՝ զիջելով մարզի դպրոցներից 3-ին ընդամենը, իսկ Չարենցավանի դպրոցների շարքում եղել է առաջինը։ Վարկանիշավորման սանդղակի սովորողների արդյունավետություն բաժնում դպրոցն զբաղեցրել է 17-րդ տեղը՝ մարզի դպրոցներից առաջ անցնելով:
Համաձայն 2015 թ.-ի վարկանիշավորման սանդղակի՝ ընդհանուր վարկանիշ բաժնում դպրոցը զբաղեցրել է 85-րդ տեղը՝ զիջելով իր դիրքերը մարզի դպրոցների շարքում, սակայն՝ պահպանելով առաջատարի դիրքերը քաղաքում։ Այս անգամ նույնպես դպրոցն առաջատար դիրքեր է զբաղեցրել կառավարման արյունավետություն և սովորողների արդյունավետություն բաժիններում, վերջինիս սանդղակում 30-րդ տեղով առաջատարն է մարզում։
2015-2016 ուստարում աշակերտների թիվը 726 էր,իսկ 2016-2017 ուստաում՝ 760,գնալով ավելանում է նաև դասարանների թիվը։ Երբեմնի փակման վտանգի առջև կանգնած 280 աշակերտ ունեցող դպրոցն այսօր վերածնվել է, վերագտել է իր առաքելությունը և իր ուրույն ձեռագիրն ունի։ Այդ ամենը պայմանավորված է մի շարք գործոններով.
ցուրտ և անշուք դասասենյակները փոխարինվել են նոր, լուսավոր, տաք և կահավորված դասասենյակներով՝ ապահովելով լիարժեք ուսումնական միջավայր,
դպրոցում ստեղծված է երեխայի ֆիզիկական, հոգևոր կարիքների համակողմանի բավարարման յուրօրինակ մշակույթ,
ծնողական համայնքի կողմից դպրոցի հանդեպ մեծ վստահությունը,
քաղաքի դպրոցների շարքում դպրոցի բարձր վարկանիշը՝ համաձայն ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի,
համայնքում դպրոցն ունի բարձր հեղինակություն՝ շնորհիվ դպրոցում առկա ներքին կարգապահական կանոնների բարձր մակարդակի, ինչն ընդհանուր և միասնական պահանջներ է ենթադրում դպրոցը կազմող բոլոր օղակների նկատմամբ,
դպրոցում իսպառ վերացված է ցանկացած տիպի դրամահավաքությունը,
դպրոցի տնօրենության կողմից իրականացվող ճիշտ ռազմավարությունը, անկաշառ և խստապահանջ աշխատանքը ստեղծում է ուսման և դաստիարակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ապահովելով աշակերտների թվաքանակի կայուն աճ,
դպրոցում աշխատում են բարձր որակավորում ունեցող, հմուտ և բանիմաց ուսուցիչներ, ովքեր անմնացորդ ու անշահախնդիր իրենց գործի նվիրյալներն են և ըստ արժանվույն էլ իրականացնում են մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության բարդ գործընթացը,
ուսման որակի նկատմամբ մշտական վերահսկողությունը, ուսուցչական անձնակազմի քրտնաջան, պահանջկոտ աշխատանքը, աշակերտակենտրոն դասերի կազմակերպումը, դպրոցը կազմող բոլոր օղակների համագործակցային և թիմային աշխատանքը,
դպրոցի ակտիվ արտադասարանական և արտադպրոցական կյանքի անընդհատ ոչ միայն դպրոցի ծնողների, այլ նաև թաղամասի բնակչության ուշադրության կենտրոնում լինելը,
դպրոցում կատարվող բոլոր աշխատանքները թափանցիկ են՝ ծնողական համայնքի և ծնողխորհրդի անընդհատ և անմիջական մասնակցությամբ կազմակերպվող ծնողական դասալսումներից, միջոցառումներից մինչև առարկայական՝ «Մեղու» , «Կենգուրու» մրցույթներին դիտորդի կարգավիճակը։
Վերածնված դպրոցը, ղեկավարվելով արդեն կայացած ավանդույթներով, ձգտում է վերադարձնել նախկին ռուսական դպրոցի նախկին համբավը՝ շարունակելով դաստիարակել ու կրթել արժանի սովորողների ու շրջանավարտների։ Ինչպես երբեմնի ռուսական դպրոցում այսօր նույնպես Չարենցավանի N3 դպրոցի աշակերտները մասնակցում են առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերին, զբաղեցնում պատվավոր տեղեր, դպրոցի շրջանավարտները հաջողությամբ իրենց ուսումն են շարունակում ոչ միայն քաղաքի ավագ դպրոցում՝ ցույց տալով այնտեղ իրենց ու իրենց դպրոցի ուրույն դեմքը, այլ նաև հանրապետության այլ համապատասխան ուսումնական հաստատություններում։
2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» արդյունքում երկրում շատ փոփոխություններ տեղի ունեցան։ Այն իր անդրադարձն ունեցավ նաև մեր դպրոցի վրա։ Լրացել էր նախկին տնօրեն Լ․ Կարապետյանի աշխատանքային գործունեության հաջորդ 5 տարին։ Ըստ կարգի տեղի ունեցավ տնօրենի ընտրություն։ Տնօրեն ընտրվեց ոչ թե նախկին տնօրենը, այլև Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Աննա Բալյանը։