Լուսավանը Եղիշե Չարենցի անվամբ վերանվանվեց 1967 թվականին՝ մեծն պոետի ծննդյան 70 ամյակի տարում, սակայն գրականության հետ քաղաքի կապը կանխորոշված էր ի վերուստ։
Հիմնադրման առաջին իսկ օրերից այստեղ էին լինում Գևորգ Էմինը, Պարույր Սևակը, Սաղաթել Հարությունյանը և ուրիշներ, որոնք մամուլում բազմաթիվ ակնարկներ տվեցին հիդրոէլեկտրակայանի ու նրա երկու կողմերում կառուցվող բանավանների մասին։ Սակայն Լուսավանին ամենաշատը կապված էր Գևորգ Էմինը, նույն ինքը՝ մասնագիտությամբ ինժեներ-հիդրոշինարար Կառլեն Մուրադյանը։ Այն ժամանակ դեռ պաշտոնապես Լուսավան անունը չստացած բանավանի մասին նրա ակնարկներն ու մանրապատումները տպագրվում էին մոսկովյան պարբերականներում։
Մի անգամ նա բանավան եկավ հանճարեղ Մարտիրոս Սարյանի հետ, ում կատարած ճեպանկարները Գևորգ Էմինի մանրապաատումների հետ 1953 թվականին տպագրվեցին «ОГОНЕК» հանրահայտ ամսագրում։
Փաստորեն, եթե Գևորգ Էմինը Չարենցավանի մասին երբևիցե գրած առաջին գրողն է, ապա Մարտիրոս Սարյանը՝ այն առաջինը պատկերած նկարիչը։ Առաջ անցնելով նշենք, որ ամսագրի հետ Լուսավան-Չարենցավանի բարեկամությունը ձգվեց շատ երկար տարիներ և բնավ էլ պատահական չէ, որ հետագայում Չարենցավանի պատվավոր քաղաքացու կոչում առաջինը շնորհվել է հենց այդ ամսագրի գլխավոր խմագիր, ռուս նշանավոր բանաստեղծ՝ Անատոլի Սաֆրոնովին։
Նույն պատվին է արժանացել նաև Գևորգ Էմինը՝ իրավամբ մեր քաղաքի հիմնադիրներից մեկը։ Իր հռչակավոր «Յոթ Երգ Հայաստանի Մասին գրքում նա գրում է՝ « Հայրենական պատերազմից անմիջապես հետո ես ու իմ ընկերը, ջրային կառուցվածքների մասնագետ՝ Աշոտ Հեքիմյանը, բաց դաշտում՝ քարերի ու յավշանների մեջ, խփում էինք Գյումուշի էլեկտրակայանի շինարարության տեղամասերից մեկի առաջին վրանի ցցերը, առանց իմանալու, թե դրանով դառնալու էինք Հայաստանի նոր քաղաքներից մեկի հիմնադիրները՝ մի պատիվ, որ հնում վիճակվում էր միայն արքաներին ու առասպելի հերոսներին »։